RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Բարի Գալուստ KAYFOTSTATUSNER.DO.AM!



Գլխավոր » » Հայ Մեծանուն Գրողները » Հայ Մեծանուն Գրողները

ՐԱՖՖԻ
16.06.2011, 13:54


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – 25.4.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։

50–60-ական թթ. Րաֆֆին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» (հրտ. 1911) վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ և այլն: Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացոլող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ Րաֆֆին ի հայտ է բերել գրկականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ. երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդ. իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։

60-ական թթ. վերշերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ. սկզբին Րաֆֆին հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստ. պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

70-ական թթ. Րաֆֆուու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստ. հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ. անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երեվակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։

Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։

Երկեր. Երկ. ժող., հ. 1—10, Ե., 1955-59։ Երկ. ժող., հ. 1—10, Ե., 1962-64։ Երկ. ժող., հ. 1—7—..., Ե., 1983—85—...։

Գրականություն. Ավթանդիլյան Ա. Խ., Պատկերներ Րաֆֆիի կյանքից, Ալեքսանդրապոլ, 1904։ Վանանդեցի Գ., Րաֆֆիի վեպերը, Ե., 1928։ Տերտերյան Ա., Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը, Երկ., Ե., 1980։ Սարինյան Ս., Րաֆֆի, Ե., 1957։ Նույնի, հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Նույնի, Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը, Ե., 1985։ Սամվելյան Խ., Րաֆֆու կյանքը, Ե., 1957։ Պետրոսյան Ե., Րաֆֆի, Ե., 1959։




ՐԱՖՖԻ <<ՍԱՄՎԵԼ>>




Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև: Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին: Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին Կարդալ ամբողջը

Հայ Մեծանուն Գրողները | Ավելացրել է: NORO
Կոմենտարիաներ: 2 | Ռեիտինգ: 4.7/3
Կոմենտարիաների թիվը: 2
2 NORO  
0
Անմահ հոգի`, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված` քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառերիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հորդաների դեմ, նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…
Հ.Թումանյան

1 NORO  
0
Սամվել
«Սամվելը» հայ գրող Րաֆֆիի պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» գրել է 1880-ական թթ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը IV դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը XIX դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք (Աշխենը, Համազասպուհին, թագուհի Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։
Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր` Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։

Ավելացնել կոմենտարիա կարող են միայն գրանցվածները
[ Регистрация | Вход ]